суббота, 2 февраля 2013 г.

Էրիկի, Ռիփիի, Ջուսի, Հրաչ Մուրադյանի և այլոց անհայտ մականունները:)



Եթե  յուրաքանչյուրս  ունենք  մեկ, երկու, ծայրահեղ դեպքում երեք անուն` նայած որ երկրում ես  ծնվել, սակայն մականունը  հիմնականում  մեկն  է`  դիպուկ  ու, որպես կանոն, շրջապատի  համար  ծիծաղելի: Մականունը ճշմարտության  նման է. Դրանից  չեն  խուսափել  անգամ  թագավորներն  ու  նախագահները: Ի տարբերություն անվան` մականունները  ծնվում  են  ոչ  թե  անվանելու, այլ  բնութագրելու  համար:
Դրա  համար  էլ  մականունները շատ ավելի  դիպուկ են և ավելի շատ բան են ասում տիրոջ մասին, քան անունը: Առաջին ազգանունները և անունները սկզբում  մականուններ  են  եղել, դրանք կիրառվել են մարդուն առանձնացնելու, տարբերելու համար: Ժամանակի ընթացքում մականունն  ավելի  մեծ  կարևորություն է  ձեռք բերել: Դրանով  բնութագրել են  մարդու կատարած  գործը  և արտահայտել նրա մասին  ունեցած  հասարակական կարծիքը: Մականունները  բազմաթիվ  տեսակներ  ունեն`  մարմնի  կառուցվածքից  մինչև բնավորության ամենանուրբ  շերտերը  բացահայտող: Զարմանալի  է,  բայց  հիմար  թվացող, անիմաստ  մականունները  խոսում են  ջերմ և  մտերիմ  վերաբերմունքի  մասին:
Մականունը, ինչպես  ճշմարտությունը, ոչ  միշտ  է  հաճելի: Դրա  համար  էլ  բազմաթիվ բարդույթների պատճառ է  դառնում:
«Եթե  ուշադիր լինենք, կնկատենք, որ երեխաներն  ավելի հաճախ են մականուններ ունենում, քան  մեծերը: Դրա պատճառն  այն է, որ  երեխաներն  ավելի  անկեղծ  են  և  ուղղակի  ասում են  այն, ինչ  մտածում   են: Մականուն  տալով երբեմն  ուզում  են  վնասել  դիմացինի հեղինակությունը,  փոխանցել  նրա  հանդեպ  ունեցած սեփական  վատ  վերաբերմունքը: Ամենից  շատ  հենց  երեխաներն  են  լուրջ  վերաբերվում դրանց: Մականունները  չպետք  է բարդույթների  պատճառ  դառնան, դրանք  ժամանակավոր են և ինչ-որ մեկի սուբյեկտիվ կարծիքն  են  արտահայտում: Պարզապես  երբեմն  պետք  է  մտածելու  տեղիք  տան`  ինչն  ես սխալ արել, որովհետև մականուն  ունեն  բոլոր երեխաները, բայց  վիրավորական մականուններ  ունենում  են մեկուսացած, վատ  սովորող, ագրեսիվ  կամ  շատ  թույլ, ֆիզիկական  խնդիրներ  ունեցողները: Ամեն  դեպքում, պետք է մտածել, որ դա ինչ-որ մեկի կարծիքն  է  քո մասին, և ինքդ  ես  որոշում` որքանով է այն օբյեկտիվ և կարևոր քեզ համար»,- ասաց  հոգեբան  Աննա  Հակոբյանը:
Եթե  անկեղծ  լինենք, կխոստովանենք, որ յուրաքանչյուրս  էլ  ունեցել  ենք  կամ  ունենք  գոնե մեկ  մականուն: Սակայն հայ հայտնիներից շատերը խուսափեցին  նշել  անգամ  իրենց դպրոցական  կամ  ընկերական շրջապատում  ունեցած  մականունը, ինչը  նշանակում  է,  որ լավագույն դեպքում կա°մ մոռացել են, կա°մ էլ, որն ավելի հավանական է, դեռ չեն ձերբազատվել  բարդույթներից մականուններին ժպիտով  ու  թեթև վերաբերվելու համար:
 
 Ջուս
-Շատ  մականուններ  եմ  ունեցել: Դպրոցից  սիրել  եմ Մայքլ  Ջեքսոնի  արվեստը, հաճախ նմանակում  էի  նրա երգելաոճը, պարի շարժումները: Դրա համար էլ ինձ շատերը «Ջանեթ Ջեքսոն»  էին  ասում: Գանգուր մազերիս համար  մեր  դասարանի  տղաները  մինչև  ութերորդ  դասարան  ինձ  պուդել  էին  ասում: Դրանից շատ էի նեղանում, բայց ուշադրություն  չէի  դարձնում դրանց վրա: Հիմա տանը երբեմն ինձ Մուսիկ էլ են ասում: Իսկ վերջերս «Կոլիզեյի»  պարուհիների հետ որոշեցինք իրար հին հայկական անուններ դնել` մեկին` Պայծառ, մյուսին` Պերճուհի, իմը Երջանիկ է: Անունս առանց այն էլ  էկզոտիկ  է` Ռուսաստանում  է  ծնվել, ընդհանրապես սիրում  եմ  չվիրավորող  մականուններ:

 Ռիփի
  -Դպրոցում  ինձ  Բարբի էին ասում, չեմ  էլ  հիշում` ով  առաջինն ասաց, բայց  երրորդ դասարանից  մինչև  տասներորդը  ինձ  հաճախ այդպես էին դիմում: Ընկերներս էլ ասել են` Ռիպ, Ռիպա:

Փոքր  ժամանակ, քանի  որ  թուխ  էի, հաճախ նաև  նեգր  էին ասում: Շատ էի նեղանում, ուզում  էի  սպիտակել, բայց  հիմա  իմ  թխությունն  ինձ  դուր է գալիս: Հիմա հաճախ ասում են` ինչ սիրուն արևայրուք ես ստացել, բայց դա իմ մաշկի գույնն է: Իհարկե, այնքան էլ ճիշտ չէ մականուններով  իրար  դիմելը, բայց  եթե  դա  չի վիրավորում ու սազում  է,  ինչո՞ւ  ոչ:

 Արչի 
-Իսկական անունս Հրաչյա է, բայց աշխարհում միայն երկու մարդ կա, որ ինձ միշտ Հրաչյա է ասում` մայրս և տատիկս: Դպրոցում  տարբերվելու  համար  իրար  անուններ  էինք  դնում, իմը դժվար  էր  արտասանելու համար, դրա համար էլ տառերը տեղափոխելով Արչի դարձավ: Մոսկվայում սովորելու տարիներին կուրսի  
աղջիկների հետ էլ էի բավականին մոտ, ու նրանք ինձ կատակով «պտենչիկ»  էին ասում: Չեմ կարող ասել, որ անունս սիրում եմ, չեզոք  վերաբերմունք ունեմ, բայց հիմա ինձ ավելի շատ Արչի են ճանաչում, քան Հրաչ, ես էլ արդեն սովորել եմ դրան:



Դավո
- Գիրությանս համար ինձ դպրոցում բուլկի էին ասում: Կարծեմ, յոթ տարեկանում դա հորինել էր իմ դասարանցի Գոռը: Հետո ուրիշ դպրոց տեղափոխվեցի ու մականունս մոռացվեց: Հիմա մականուն  չունեմ, բայց ընկերներիս, ծանոթներիս շրջանում շատերը կան, որ ունեն: Ես շատ լուրջ չեմ վերաբերվում մականուններին, երբեք դրանց պատճառով չեմ վիճել որևէ մեկի հետ: Կուզեի, որ ընդհանրապես ավելի հանգիստ վերաբերվեին մականվանը և չվախենային, որ հանկարծ մեկը կիմանա դրա մասին:


Էրիկ Կարապետյան
-Դպրոցում, հարևանները, ընկերներս ինձ Էրոս էին ասում: Այդ ժամանակ Էրոս Ռամազոտտին արդեն հայտնի էր, ու ինձ էլ հենց նրա անունով էին կոչում: Բայց ածական չեմ ունեցել, միշտ Էրիկ են ասել: Ածականներ ընդհանրապես չեմ սիրում, դրանք ավելի շատ շներին են հարմար, քան մարդկանց: Եթե մարդն ունի անուն, դա հենց այնպես չէ, պետք է այդպես էլ նրան դիմել:


Անահիտ Շահբազյան
- Հատուկ մականուն չունեմ, պարզապես երգչուհի Անահիտ Սիմոնյանից տարբերելու համար ինձ հաճախ Շահբազ են ասում: Մականուններ այնքան էլ չեմ սիրում, սակայն դրանց դեմ չեմ, եթե վիրավորական չեն: Ընկերներիս երբեմն դիմում եմ անվան կրճատ ձևով, օրինակ, Լանային` Լանուշ և այլն, բայց դա անում եմ պարզապես պաշտոնական չդիմելու համար::

Комментариев нет:

Отправить комментарий